Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով՝ իր X ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: «Բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»,- ընդգծել է նա։               
 

Ապրիլի 24 և հետո

Ապրիլի 24 և հետո
16.05.2026 | 15:12

Եթե մարդը չի հիշում իր անցյալը, իր ապրած ցավն ու անդառնալի կորուստները, ուրեմն նա չունի ապագա կամ մնացել է կենդանական աշխարհի բնազդների մեջ:

Հարյուր տասնմեկ տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց մենք դեռ չենք կարողանում մեր քաղաքական խնդիրներն այնպես լուծել, որ չվտանգվի ապրելու մեր աստվածային իրավունքը: Մեր գոյապայքարի մեջ մենք կա՛մ օտար երկրներում ենք հանգրվանում, որտեղ մեր սերունդների գլխին Դամոկլյան սրի պես կախված է ուծացումն՝ իր բազմադեմ հրեշով, մեր կյանքին ու ունեցվածքին սպառնացող վտանգներով, կա՛մ հայրենիքում, որի սահմաններն անապահով են, որովհետև փոքր երկրի ողջ ունեցվածքը բաժան-բաժան են արել, իսկ պետությունը պահելու և պաշտպանելու ծրագիր այդպես էլ չի մշակվել:

Ցեղասպանության տարելիցները, իհարկե, պետք է հիշեինք և աշխարհին էլ ցույց տայինք, որ մենք կանք ու կլինենք, որովհետև Աստծո ստեղծած արարող տեսակ ենք: Նժդեհն ասում էր. «Աշխարհում երկու բան կա, որ չի հոգնում. ժամանակը՝ ավերելով, հայը՝ կառուցելով»: Եվ այդ կառուցածի մեծ մասը՝ օտարության մեջ, օտարների համար է: Ոչինչ, թող կառուցենք աշխարհի համար էլ, միայն թե մեր տունն ու հայրենիքը կիսավեր չթողնենք, այլ պատերն ամրացնենք, դռների փականները նորոգենք և լուսամուտների ապակիները հարվածակայուն անենք, որ չկոտրեն մեզ հարևան դարձած բարբարոսները, որոնք մինչև վերջերս ապրում էին յուրտերում ու վրաններում: Եվ իրենց շինարարի առաքելությամբ՝ բառիս իսկական իմաստով տնաշեն հայ վարպետները նրանց համար տներ կառուցեցին ու փորձեցին մարդեղացնել:

Բայց, ցավոք, դա վեր էր մեր ուժերից: Եթե Աստված չի կարողացել, մենք ի՞նչ կարող էինք անել:

Ինչո՞ւ եղավ 1915 թվի Հայոց ցեղասպանությունը. քաղաքական փաստերը վկայում են ու ապացուցում, որ այն կատարվել է հայերին ոչնչացնելու, Հայաստանը հայերից մաքրելու և այդ տարածքին տիրանալու համար:

1918-1920 թթ. թուրքական նոր, բայց միջազգայնորեն դեռ չճանաչված կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, նույն հայաջինջ նպատակով հարձակվում է Արևելյան Հայաստանի նորաստեղծ հանրապետության վրա, ուր ապաստանել էին տուն ու հայրենիք, ծնող ու զավակ կորցրած և վերջնական բնաջնջումից մահապուրծ հայ գաղթականները:

1918 թ. Բաքվում նույն հայաջինջ ձեռքը կոտորում էր մարդկանց, որովհետև նրանք հայ էին:

1918 թ. նույն այդ բարբարոսները հրդեհում էին Շուշին և կոտորում քաղաքի բնակիչներին, որովհետև նրանք ևս հայ էին:

Ի՞նչ է սա. Հիվանդությու՞ն, երբ մարդասպանը, գիտակցելով իր անլիարժեքությունը, սպանում է այն մարդուն, ում պարտական էր իր մարդեղացման՝ մարդ դառնալու, յուրտերի փոխարեն քաղաքակիրթ աշխարհին հատուկ տուն ու տեղ ունենալու համար, թե՞ հատուկ մշակված քաղաքականություն է, որ դարերով հետևողականորեն իրականացնում է մարդկային այդ անլիարժեք տեսակը:

Թերևս՝ երկուսը միասին: Սա նրա կենսակերպն է, և մենք դա դարերով ենք տեսել ու զգացել: Բայց ժամանակ առ ժամանակ արժանի հակահարված ենք տվել խաժամուժին, ապա կրկին թմբիրի մեջ ընկել՝ մինչև հաջորդ բարբարոսական «փայլատակումը»:

Մենք պիտի մեկընդմիշտ հիշենք ու չմոռանանք, որ եթե որևէ ազգ կամ անհատ՝ կենցաղային մակարդակով անգամ, իսկ որևէ պետություն՝ իր քաղաքականությամբ հայատյացություն և հայաջինջ գործողություններ իրականացնի, մենք ևս պետական մակարդակով և մեր ազգի հռչակավոր անձանց ձայնով պիտի ահազանգ բարձրացնենք: Պիտի պատասխանատվության ենթարկենք միջազգային ատյաններում, դատ պահանջենք կամ ինքներս հակահարված տանք նրանց: Աշխարհը պիտի իմանա ու համոզվի, որ հակահայկականության ամենափոքր դրսևորումն անգամ արդարացիորեն կպատժվի մեր կողմից:

Մարդու և ազգի ինքնապաշտպանության իրավունքը դեռ ոչ ոք չի չեղարկել. այդ իրավունքը մարդու և ազգի աստվածային իրավունքն է, որը հաստատել են նաև միջազգային օրենքները: Մայրս ասում էր. «Եթե դու քեզ չհարգես ու չպաշտպանես, և գլուխդ՝ այսինքն կյանքդ ու պատիվդ, գցես ուրիշների ոտքի տակ, նրանք ոչ թե մարդասիրաբար կբարձրացնեն քո գլուխը, այլ կտրորեն ու անց կկենան»:

Մենք բազմիցս ենք ապացուցել մեր ապրելու իրավունքը՝ մեր հաղթանակներով: Բայց կարծես ինչ-որ բան է փոխվել մեր ազգային մտածողության, թե՞ աշխարհընկալման մեջ:

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ, ՀԱՅԵՐ...

Մեր ազգային ողբերգություններից և կորուստներից անցել է ևս մեկ տարի: Սակայն խորհրդանշորեն՝ հարյուրավոր տարիներ առաջ էլ ասես կրկնվել են մեր կորուստները: Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ բացի ողբալուց, եկեղեցիներ, խաչքարեր ու հուշարձաններ կառուցելուց, որոնք մեր դաժան թշնամիները մինչև այսօր ավերում են ու անպատիժ ոչնչացնում: Իսկ մենք ապրիլի 24-ին մեկ ժամ այցելում ենք համազգային կորստի ու ողբերգության այդ հուշարձանին և մի կլոր տարի մոռանում ենք և՛ ցավ, և՛ վիրավորանք, և՛ հող ու կորուսյալ հայրենիք:

«Աշխարհը մեծ է»,— ասում ենք մենք և մեր հույսը կապում այդ մեծ աշխարհի արդարության հետ: Մինչդեռ թուրքն իր գործը կիսատ չի թողնում և չի մոռանում իր նպատակը: Իսկ երբ մենք մի երկու տարի առանց թուրքի դաժանության ենք ապրում, մեզ դրախտում ենք կարծում: Այնինչ դա դրախտ չէ, այլ քավարան, իսկ քավարանից Աստված դժոխք է տեղափոխում, եթե մարդն իր մեղքը չի քավում:

Դժոխքն ունի ինը պարունակ: Տեսնես մենք ո՞ր պարունակում ենք:

Մենք՝ հայերս, ազգովին այս բոլոր դարերում մեղք ենք գործել միայն ինքներս մեր հանդեպ ու շարունակում ենք այդ մեղքը խորացնել: Էլ ի՞նչ ու ինչքա՞ն շնորհ ու տաղանդ պիտի տար մեզ Արարիչը, որ մենք գիտակցեինք դրանց արժեքն ու երախտագետ լինեինք Աստծուն և մեր հանճարներին, այլ ոչ թե մսխեինք ու փոշիացնեինք այդ աստվածատուր շնորհները՝ անմտորեն այլոց բաշխելով, մեզ նսեմացնողներին, կոտորողներին ու թալանողներին ներելով:

Ինչու՞. որովհետև մեզ ասել են, որ պիտի սիրե՞նք մեր թշնամուն: Բորենու հանդեպ սեր տածելով՝ բորենուն կարո՞ղ ես բարիացնել: Բնությունը դրա փաստը չունի: Բորենին մտել է մեր տուն, ու մենք ձևացնում ենք, թե չենք տեսնում. դե՛, գազան է էլի, մի պատառ լեշ կլափի, կսսկվի... Չի սսկվում, ախորժակն ավելի է բացվում: Էլի՞ կոտորվողն ու հայրենիք կորցնողը մե՛նք լինենք: Էլ չեմ շարունակում, թե չէ մի ապստամբ կդառնամ ես էլ...

Կարծես մի փոփոխություն եղավ մեզնից խռոված պատմության մեջ. հզոր պետության նախագահը հաստատեց, որ 1915 թվականի բարբարոսությունը Ցեղասպանություն է եղել հայերի դեմ: ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրա համար հարյուրից ավելի տարի՞ էր պետք:

Մենք լավ ենք հասկանում, որ այս որոշումը մեր հուզական աշխարհը հանգստացնելու համար չարվեց, բայց գնահատենք և անցնենք մեր պահանջատիրության հաջորդ փուլին: Սակայն ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիայի հետ իր քաղաքական սիրախաղը, քանի որ Արևմուտքը Թուրքիային արդեն 300 տարի է՝ պահում է որպես մտրակ՝ Ռուսաստանի դեմ, իսկ Մոսկվան իր ձևով է սիրախաղ անում թուրքի հետ:

Եվ Թուրքիան խաղում է երկու լարի վրա, բայց մոռանում է, որ մի օր այդ երկու լարերն էլ կկտրվեն, ու իր ազատ անկումն անխուսափելի և ցավոտ է լինելու: Զարմանալի է նաև, որ ԱՄՆ-ը դարձյալ հույսեր է փայփայում Թուրքիայի նման անկանխատեսելի պետության հետ և կարծում է, թե վերջինիս օժանդակությամբ կկարողանա պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Իսլամիզմի մեջ խորացող Թուրքիան նույն այդ տարածաշրջանում քաղաքական մեծ հետաքրքրություններ ունի, և հենց այդ համագործակցությամբ ոչնչացվում են արաբական երկրները... Իսկ այդ իսլամական կազմավորումների հիմնադիրները հաստատ միայն մահմեդականները չեն:

Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման փուլը կայացել է, հիմա ժամանակն է անցնելու ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի մշակած և Փարիզի խաղաղության վեհաժողովի կողմից հաստատված ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ:

Մենք ունենք համապատասխան բարձրակարգ մասնագետներ: Նախ՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի, որն ահռելի գործ կատարեց վերջին տարիներին, որպեսզի մեր ժողովուրդն իմանա այդ անժամանցելի իրավական փաստաթղթի գոյության և նրա իրավական ուժի մասին: Ապա այդ փաստաթուղթը գրքի տեսքով նա հրատարակեց բնագրով, որից հետո այն թարգմանվեց ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն և հայերեն՝ դրանով իսկ հիշեցնելով տարբեր երկրների նոր սերնդի քաղաքագետներին ու դիվանագետներին այս խնդրում իրենց պետությունների պարտականությունների մասին:

Իրավարար վճռի իրավաքաղաքական լուծման հետևորդներն են նաև մեր գիտնականները՝ պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, թուրքագետ, պատմաբան, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և էլի ուրիշներ, որոնք նախանձախնդրորեն առաջ կտանեն այս համազգային կարևորության Գործը, երբ մեր պետությունը քաղաքական նպատակ դարձնի դրա իրագործումը:

Մինչդեռ այսօր ՀՀ իշխանություններն ակնհայտորեն հրաժարվում են Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքական հետաքրքրությունների դաշտ բերելուց: Սա արհամարհանք է ոչ միայն իր երկրի ժողովրդի պատմական անցյալի, մեծ ցավի ու կորուստների հանդեպ, այլև ոչ հարգալից վերաբերմունք է այն պետությունների կառավարությունների հանդեպ, ովքեր, հիմնվելով ականատեսների վկայությունների և պատմական փաստերի գիտական ուսումնասիրությունների վրա, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել ցեղասպանությունն իրականացնող պետությանը:

Ի՞նչ է ստացվում. մեր կառավարությունը կասկածի տակ է դնում մեր Ցեղասպանությունը, իսկ աշխարհի մոտ 30 պետություններ դատապարտում են ցեղասպան այն պետությանը, որի իրավահաջորդն է այսօրվա Թուրքիան:

Ամոթ է ու ազգային խայտառակություն, որ մինչև այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի ընդունել օրենք՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ քրեական պատիժ սահմանելու մասին, ինչպես ընդունել են եվրոպական մի շարք պետություններ:

Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինները մեր անկախության առաջին իսկ տարիներին պետք է դիմեին Միջազգային դատարան՝ Իրավարար վճիռը հաստատելու համար: Հայոց ցեղասպանության ճանաչման համար տասնամյակներով ծախսված ահռելի միջոցները այսօր պետք է անհապաղ ուղղորդել դեպի գործնական դաշտ՝ ՀԱՏՈՒՑՈՒՄ:

Աստված առաջնորդ ու օգնական լինի մեր ազգին, իսկ թշնամիներին՝ թուլացում, քանի որ դեպի մարդեղացում երկար է նրանց ճանապարհը... Մենք այդքան ժամանակ չունենք:

Թե անզգուշորեն կամ թշնամաբար

Հատում են ծառի ճյուղերը դալար,

Ծառը իր բունն է սկսում հաստացնել,

Իսկ արմատները խորը տարածել...

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Հ.Գ.

Բնության այս դասը բոլոր ժամանակների համար է, սովորե՛նք բնության այս իմաստուն դասը:

Դիտվել է՝ 892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ